Լուսանկարը ցույց է տալիս Volvo P1200/PV120 Amazon-ը

Volvo P1200/P120 Amazon. Առաջին մեքենան Volvo-ից՝ պոնտոնային թափքով.

1956 թվականին ներկայացվեց Volvo-ի նոր մարդատար մեքենայի նախատիպը: Շվեդական շուկայում մեքենան հայտնի դարձավ Amazon անվանմամբ, իսկ արտահանման շուկաներում այն վաճառվում էր որպես 121 և 122S: 122S տարբերակը համալրված էր ավելի հզոր շարժիչով:

Արտադրությունը սկսվեց 1957 թվականին: Այս մոդելը PV444-ի համեմատ ավելի խոշոր էր: Դրան բնականաբար նպաստում էր նաև այն փաստը, որ 121/122 S-ը 4 դռնանի էր:

Մեքենան ուներ ժամանակակից տեսք և Volvo-ի առաջին մեքենան էր, որն ուներ ուռուցիկ ուրվագծեր: Մարդկանց շատ էր դուր եկել մեքենայի արտաքին տեսքը: Առջևի հատվածում տեղադրվել էին երկու օվալաձև օդի ընդունիչներ: Հետևի թևերը երկարացվել էին և ունեին լողաթևանման վերջավորություն: Այն ժամանակ նման դիզայնը շատ տարածված էր:

Amazon 121/122 S-ն աչքի էր ընկնում անվտանգության չափազանց բարձր մակարդակով՝ գործիքավահանակի վերևի հատվածը պատված էր փափուկ նյութով, մեքենան ուներ լամինացված դիմապակի և ամրագոտու ամրակապեր առջևի և հետևի նստատեղերի համար:

1961 թվականի աշնանը P120 մոդելում կատարվեցին մի շարք զգալի փոփոխություններ: Նախորդ 1,6 լիտրանոց շարժիչը փոխարինվեց 75 կամ 90 ձիաուժ հզորությամբ B18 շարժիչով, մեքենայում օգտագործվում էր 12 Վ լարմամբ էլեկտրական համակարգ և ռադիատորի նոր ճաղավանդակ, իսկ 90 ձիաուժ հզորությամբ մոդելն ապահովված էր նաև առջևի անիվների սկավառակային արգելակներով:

P120-ի 4-դռնանի տարբերակն արտադրվում էր մինչև 1966 թվականի աշուն, երբ այն փոխարինվեց ամբողջովին նոր՝ Volvo 144 մոդելով:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ P 1200 / P 120 AMAZON, սեդան
Տարբերակները՝ P 1200 V, P 1200 H, P 121, P 122 S
Արտադրության տարեթվերը՝ 1956 - 1967թթ
Արտադրության ծավալը՝ 234 208 հատ
Թափքը՝ 4-դռնանի սեդան
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, վերևի փականներով, 1 583 խսմ; 79,37x80 մմ, 60 ձիաուժ հզորություն՝ 4 500 պտույտ/րոպեի դեպքում կամ 85 ձիաուժ հզորություն՝ 5 500 պտույտ/րոպեի դեպքում։
1961՝ 1 778 խսմ, 84,14x80 մմ, 75 ձիաուժ հզորություն 4 00 պտույտ/րոպեի դեպքում կամ 90 ձիաուժ հզորություն 5000 պտույտ/րոպեի դեպքում, ավելացված մինչև 95 ձիաուժ 1965 թվականին:
Փոխանցատուփ՝ 3 կամ 4 արագություն, մեխանիկական, թափի ուժգնացումով կամ առանց դրա, փոխանցումների փոխարկման հատակին ամրացվող լծակով (որոշ մեքենաներում փոխանցումների փոխարկման բռնակն ամրացված էր ղեկասյունակի վրա): 3 արագություն, ավտոմատ, փոխանցումների փոխարկման բռնակը ղեկասյունակի վրա:
Արգելակները՝ հիդրավլիկ՝ թմբկագլաններ բոլոր անիվների վրա: 1961՝ սկավառակային արգելակներ առջևի անիվների վրա S տարբերակների համար: 1964՝ սկավառակային արգելակներ առջևի անիվների վրա բոլոր տարբերակների համար:
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը՝ 445 սմ, անվային բազան՝ 2 600 մմ: